ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Սելֆի՝ արցունքների ու փլատակների վրա

Սելֆի՝ արցունքների ու փլատակների վրա
19.05.2026 | 19:56

Եթե հրաշքով Պուշկինը դառնար 2026-ի մայիսի 18-ի «Цирк Шапито» վերտառությամբ նախընտրական քարոզարշավի հանդիսատես, իր «Փոքրիկ ողբերգություններ» շարքն անվերապահորեն կհարստացներ ևս մեկ պատումով՝ «Սելֆի՝ արցունքների ու փլատակների վրա»։

Օրվա ողբերգությունների «բեմահարթակում» 14-15 տարեկան աղջնակը հուզված դիմում է իրեն «самый, самый, самый» հռչակածին՝ փորձելով ճշտել՝ ինչու՞ ինքն այլևս չունի հող, Շուշի ու տուն։ Ինչու՞ են իրեն հայրական օջախից դաժանորեն տնավեր ու բնավեր արել։

- Դուք ասել եք՝ Շուշին «դժբախտ, դժգույն քաղաք էր»։ Ո՞նց հասկանամ Ձեր խոսքերը։

- Ա՛յ, մռութ ջան, լավ էլի․․․,- հարցից անակնկալի եկած ընդմիջում է քիչ առաջ քաղաքական հակառակորդներին՝ «կչոքցնեմ», «կսատկցնեմ», «կկոխեմ», «ասֆալտ ուտցնելով ԱԱԾ-ի պադվալները կլցնեմ» գոռոցներով սպառնացող ահաբեկիչը։

- Որտեղ ես ապրել եմ․․․,- փորձում է միտքն ավարտել երեխան։

- Անունդ ի՞նչ ա,- խոսքը կոպտորեն ընդհատում է սադրիչը՝ շեղելով բուն հարցի տրամաբանական ավարտից։

- Արփի։

- Արփի ջան, էդ թեմայի մասին էնքան խոսել եմ, խնդրում եմ․․․,- անզորությունից արդեն «խնդրանքի» անցած մռլտում է գլխավոր դերասացը։

- Դուք իմ երկիրը ծախել եք,- տեղի չի տալիս երեխան։- Դուք իմ տունը ծախել եք։ Որտեղ որ ես ապրել եմ․․․

- Ծը՜․․․,- հայրենազրկված երեխայի հեկեկոցին հեգնանքով ու կատարյալ ցինիզմով արձագանքում է գավառական «կոմեդիանտը»։

- Չե՞ք ամաչում,- սերիական մարդասպանի աչքերին ուղիղ նայելով՝ հարցադրում է Արփին։

- Կմեծանաս․․․,- խուսափողական, վերևից նայողի ոճով փորձում է արդարանալ երկրի անառակ կողմից մեր խաղաղ կյանք ներխուժածը։

- Ես մեծ եմ,- արտասվելով ընդհատում է աղջնակը։- Ես արդեն հասկանում եմ․․․ Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ Դուք ծախել եք Արցախը։

Կավե կուռքի կողքին կանգնած ժամկետանց փնթի տիկինը, հայելու մեջ տեսնելով իրականության ողջ դաժանությունը, ատելությամբ հրում է կորցրած հայրենիքի ու տան համար հեկեկացող երեխային․

-Օ՜ֆ, գնա էն կո՛մ, ուզում եմ նկարվել վարչապետի հետ։ Վարչապետ ջան, սելֆի անենք։

Եվ երկու տխեղծները, «մոռացած» կորցրած հայրենիքի ու տան համար հեկեկացող Արփիին, «սելֆի» են անում։

Պատմությունը հաճախ խուսափում է հաստափոր հատորներից և թանձր մելանից՝ ողջ դաժանությունն ու մերկությունը նախընտրելով խտացնել մեկ վայրկյանի, մեկ հայացքի կամ մի կարճ երկխոսության մեջ։

Այդպիսին է և աստվածաշնչյան խորությամբ ու ողբերգականությամբ խտացած այս դրվագը, որտեղ դեմ հանդիման կանգնեցին երեք կերպարներ՝ երեք տարբեր հոգեվիճակներ, երեք տարբեր Հայաստաններ։

Առաջին կերպարը 14-15 տարեկան Արփին էր՝ Արցախի կորուստը, Շուշիի կորսված լույսն ու սեփական հայրենազրկման ցավն ուսերին կրող աղջնակը։ Նա քաղաքականություն չէր խաղում, նա փաստաթղթեր չէր վկայակոչում։

Նրա շուրթերով խոսում էր բացարձակ ու անխարդախ ճշմարտությունը, որն իրականության ողջ ծանրությամբ փլուզեց հրապարակ նետված պոպուլիզմի կեղծ պատրանքը։

«Չե՞ք ամաչում»,- հարցնում էր երեխան՝ նայելով երկրի ղեկավար կոչվածի աչքերին, և այդ հարցի մեջ կար ոչ թե մանկական միամտություն, այլ ժամանակից շուտ հասունացած, հայրենիքի փլատակների վրա մեծացած սերնդի անողոք դատավճիռը։

Այդ ճշմարտության դիմաց կանգնած էր երկրորդ կերպարը՝ իշխանության բարձրագույն աթոռը զբաղեցնող ահաբեկիչը։

Նրա արձագանքը՝ հեգնական «Ծը՜...»-ն, «Ա՛յ մռութ ջան, լավ էլի...»-ն և «Կմեծանաս...» հուսահատ ձևակերպումները, քաղաքական ողորմելի սնանկության ու մարդկային դատարկության բացահայտ ցուցադրությունն էին։

Նրա անհոդաբաշխ ձայնարկությունները թեմայից սովորական փախուստ չէին, դրանք սույն ունայնության բնազդային ռեակցիան էին։

ՈՒնայնություն, որ սովոր է խոսել բացառապես սեփական սցենարով, բայց նոպայի մեջ է ընկնում, երբ իրական ցավն ու կենդանի զոհը կանգնում են իր դիմաց և պատասխան պահանջում։

Երեխայի արցունքների առաջ պետական քարոզչամեքենան ու ողջ հռետորաբանությունը վերածվեցին անատամ, ծերունական տկարությամբ տապալված բռնապետի ողորմելի փսփսոցի։

Սակայն այս դրամայի ամենասարսափելի ու առանցքային կետը երրորդ կերպարն էր՝ «սելֆիի վիրուսով» ախտահարված ժամկետանց տիկինը, որն ատելությամբ ու անտարբերությամբ հրեց արտասվող երեխային՝ բացականչելով. «Օ՜ֆ, գնա էն կո՛մ, ուզում եմ նկարվել վարչապետի հետ»։

Սեռաքաղց այս տիկինն անուն-ազգանուն չունի, նա ընդհանրական կերպար է։ Նա հենց այն հայելին է, որի արտացոլանքը մերկացնում է մեր հասարակության ստվար մի հատվածի բարոյական կուրությունը։

«Դեղնածամիկ» տիկնոջ «օ՜ֆ»-ի մեջ խտացած էր հանրության այդ մասի հոգեբանական աղետը՝ սեփական էգոյի, վիրտուալ պատրանքի, հեռախոսի էկրանին մի քանի «լայք» որսալու սնապարծության հաղթանակը ազգային ողբերգության նկատմամբ։

Նա Արփիին չէր հրում,

նա հրում էր Արցախի հիշողությունը,

նա հրում էր պատասխանատվությունը,

նա հրում էր մարդկային խիղճը, միայն թե իր պատրանքային աշխարհում սելֆի անի կործանարար կուռքի հետ։

Նրա համար սեփական երջանկության իմիտացիան ավելի կարևոր էր, քան կողքին հեկեկացող հայրենազրկված երեխայի իրական ցավը։

Այս երեք կերպարների հանդիպումը մեր օրերի մեծագույն ախտորոշումն էր։

Քանի դեռ «նկարվողների» ու կույր երկրպագուների բազմությունը պատրաստ է հրել ու լռեցնել Արփիներին՝ հանուն վայրկենական կեղծիքի, պետության առողջացման ընթացքը մնալու է կասեցված։

Բայց այս ողբերգության մեջ կա լուսավոր մի շող։

Արփին չլռե՛ց։

Նա չվախեցավ, չընկրկեց հրող ձեռքերից ու իշխանական ցինիզմից։

ՈՒ քանի դեռ Հայաստանում կան Արփիներ, որ «արդեն մեծ են» ու հասկանում են,

ովքեր տեր են իրենց հողին ու տանը՝ թեկուզ միայն սրտի ու հիշողության մեջ, պատմության կեղծ հայելին վաղ թե ուշ կոտրվելու է, և ճշմարտությունը փլատակների արանքից արդարության արշալույս է բերելու։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ